Թարգմանչաց տոնին նվիրված ցերեկույթ

Հոկտեմբերի 31-ին դպրոցի՝ բազում միջոցառումներ տեսած դահլիճը լցվեց ներկաների սպասումով լի շնչառությամբ: Բոլորի հայացքներն ուղղված էին բեմի` մագաղաթյա թերթերի արանքից երևացող <<Հայաստան>> խորագրին, ուր քիչ անց պիտի երևային օրվա հերոսները` 6-րդ <<Իմաստասեր>> և 7-րդ <<Թիթեռնիկ>> դասարանների սովորողները՝ իրենց հետ բերելով 1600 տարեկան հայոց իմաստնությունն ու ապրելու, արարելու բանաձևումը: Տոնը դարձավ անցյալը ներկային կապող մի գողտրիկ օղակ։ Դահլիճը, լսողություն դարձած, ունկնդիր էր 5-րդ դարից պատմության քառուղիներում թրծված թարգմանիչների կատարած գործին: Տասնվեցդարյա հիշողությունը նորոգվեց <<այբ, բեն>>-ի դղիրդով և որպես <<առավոտ լուսո>> հնչեց <<Կա´նք, պիտի´ լինենք ու դեռ շատանա´նք>>-ը: